Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

«Կուզեի, որ չլինեին կեղծ նոտաներ, ձայներ ու դեմքեր»

«Կուզեի, որ չլինեին կեղծ նոտաներ, ձայներ ու դեմքեր»
12.08.2008 | 00:00

«ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ» ԱՊՐՈՒՄ Է ՖՈՐՇԸ
-Ե՞րբ է երկար ապրում երգը։
-Երբ գրված է պրոֆեսիոնալ, գրագետ, ինչպես նաև ազնիվ, սրտանց, և հորինված ելևէջներ կամ տեքստային առումով՝ սուտ, դատարկ, սիրուն-անիմաստ խոսքեր, արտահայտություններ չկան։
-Ե՞րգն է հայտնի դարձնում երգչին, թե՞ երգիչը երգին։
-Իմ դեպքում, կարելի է ասել, 50-50 է, քանի որ ես և՛ գրում, և՛ երգում եմ իմ երգերը։ Երգահաններին հայտնի է դարձնում երգը, շատ օրինակներ կան՝ Նիկոլ Գալանտերյան, Արմեն Մանդակունյան, Ռոբերտ Ամիրխանյան, հիմա նաև՝ երիտասարդ տաղանդավոր Մարինա Ալեսը։ Թերևս այսօր երգիչներին էլ երգն է հայտնի դարձնում, որովհետև, ցավոք, լուրջ, գրագետ երգիչներին մատների վրա կարելի է հաշվել։
-Ասում են՝ երաժշտությունն ինքնանպատակ լինել չի կարող, այն թելադրում, տանում է ինչ-որ ուղղությամբ։ Ո՞Ւր են տանում այսօր մատուցվող երգն ու երաժշտությունը։
-Ես փորձեմ լավ բաների մասին խոսել, չասեմ այնպիսի բաներ, որ, ցավոք, ավելի շատ են այսօր, քան նորմալ, ճիշտ երգն ու երաժշտությունը։ Իհարկե, ազնիվ զգացմունքներից ծնված երգը դաստիարակում է մարդուն։ Դա լավ գրքի պես մի բան է, լավ ներկայացման, լավ ֆիլմի։ Պարզապես երգը ժամանակի առումով սահմանափակ է, և շատ ավելի դժվար է արտահայտել ասելիքը։ Բոլոր դեպքերում, կան նման երգեր, ինչն ուրախալի է։
-Երևանը սիրո՞ւն քաղաք է, և ո՞րն է Ձեր սիրած անկյունը։
-Իմ կարծիքը շատերին է հայտնի, որ և՛ սիրուն է Երևանը, և՛ շատ սիրում եմ իմ քաղաքը։ Հիմա իմ սիրած վայրերից մեկում ենք՝ «Mate» բար-սրճարանում, շատ եմ սիրում նաև «Cazerok»-ը։ Մարդկանց նյարդայնացնում են ամբողջ քաղաքով մեկ իրականացվող շինարարությունը, փոշին, աղմուկը, բայց այս ամենը ժամանակավոր է, հետո ավելի սիրուն կլինի մեր քաղաքը։
-Ինչպե՞ս է ապրում Ֆորշը։
-Հենց այսպես...
-Ֆորշ, ի՞նչ «դպրոց» են անցել Ձեր շրջանի երգիչները, տարբերությունները շա՞տ են՝ համեմատած նոր ժամանակների հետ։
-Մեր ժամանակ ամուր և ճիշտ հիմքի վրա էր դրված կրթությունը։ Դա 60-70-ական թվականների սերունդն էր, որ արդեն 80-ականների վերջին յուրաքանչյուրն իր ասպարեզում կարող էր կշիռ ներկայացնել, որովհետև պատրաստված էին, գիտեին ինչ են անում, ինչ են ուզում և ինչի համար։ Հասկանալի պատճառներով երկրում կատարվեցին գլոբալ փոփոխություններ, երկրորդ պլան մղվեց ուսումը, ինչի հետևանքն էլ մենք այսօր տեսնում ենք։
-Այսօր ի՞նչն է առաջնայինը նրանց համար՝ երևա՞լը, հայտնի լինե՞լը...
-Հիմա՝ այո, մի բան, ինչը ես երբևէ չեմ ուզեցել։ Հիմա վիզուալն է կարևոր, ներսը դատարկ է, ո՛չ իմաստ կա, ո՛չ ձգտում, ո՛չ նյութ։ Ով փող ունի, առաջ է գնում, շարունակության մասին ոչ ոք չի մտածում։
-Լավ առաջարկի դեպքում կթողնեի՞ք հայրենիքը։
-Ես երեք տարի իմ մասնագիտությամբ աշխատել եմ Արգենտինայում։ Արվեստագետին անհրաժեշտ է շրջագայել տարբեր երկրներում, ծանոթանալ օտարների մշակույթին, ֆոլկլորին, շփվել տարբեր երաժիշտների հետ, ինչը դրական ազդեցություն է ունենում։ Երկրի սահմաններից դուրս գալը արվեստագետի կայացման պայմաններից մեկն է։
-Ասում են՝ մարդու նախընտրած երաժշտությունից կարելի է նրա հոգու կառուցվածքն իմանալ։ Ի՞նչ երաժշտություն եք լսում։
-Հիմա լսում եմ լատինաամերիկյան երաժշտություն։ Ոչ պարային անիմաստ ռիթմերը, խոսքն աշխարհում հայտնի և ընդունված «բոսանովա» ուղղության մասին է։ Մեզ մոտ, ցավոք, այն լայն տարածում չունի, բայց իմ շրջապատում շատերն են լսում «բոսանովա»։
-Զրույցի վերջում պատմեք Ձեր ճանապարհի սկզբի մասին։
-Վեց տարեկանից սովորել եմ երաժշտական դպրոցում։ Ավարտել եմ կոնսերվատորիան, ջութակի բաժինը, հետո սկսել եմ զբաղվել երգարվեստով։ Վեց տարի երգել եմ երգչախմբում, երգել ենք ֆոլկլոր, դասական, հիմնականում հոգևոր երաժշտություն՝ Կոմիտաս, Մակար Եկմալյան... Ինձ համար դա միակ ու անփոխարինելի դպրոցն էր, ուր ոչ թե սովորեցնում են, այլ ինքդ ես սկսում սովորել, հասկանալ, որ նոտան, որ ֆրազը ոնց պետք է երգել, ոնց մատուցել, որ ճիշտ ընկալվի, ու սարքած, սուտ նոտաներ չլինեն, ինչը շատ ենք լսում այսօր... Կուզեի, որ չլինեին կեղծ նոտաներ, կեղծ ձայներ ու դեմքեր...
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4241

Մեկնաբանություններ